Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Քաղաքական լուսանցքում հայտնված «Կասյանով-Կասպարով» խմբակի ձեռագիրն է»

«Քաղաքական լուսանցքում հայտնված «Կասյանով-Կասպարով» խմբակի ձեռագիրն է»
12.09.2008 | 00:00

«ՇԱՊՈԿԼՅԱԿԱՅԻՆ» ՍԱԴՐԱՆՔՆԵՐ
«Հայկական ժամանակ» օրաթերթի սեպտեմբերի 10-ի համարից պարզ դարձավ, որ մոսկովյան «РБК» ամսագրի 2008 թ. հուլիսյան թողարկման «Դիմակազերծում» խորագրի ներքո հրապարակվել է Ռուսաստանի առավել բարձր վարձատրվող 100 պաշտոնյաների ցանկը։ Այդ պաշտոնյաների շարքում առանձին տեղեկանքներով և լուսանկարներով ներկայացվելու պատվին են արժանացել տասնմեկը, այդ թվում՝ ոմն Անդրեյ Ակիմով, որը «Գազպրոմբանկի» գործադիր տնօրենն է և տարեկան ստացել է 9 միլիոն դոլար աշխատավարձ։ Զավեշտն այն է, որ Անդրեյ Ակիմովին վերաբերող տեղեկանքին կցված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը։
Որքան էլ տարօրինակ է, հուլիսից մինչ օրս (շուրջ 2 ամիս) ՀՀ լիազորված պաշտոնատար անձանցից և ո՛չ մեկի մտքով չի անցել բացատրություն պահանջել «РБК» ամսագրի խմբագրությունից։ Բայց առավել տարօրինակ է, որ «ՀԺ»-ի հրապարակումից հետո ՀՀ նախագահի աշխատակազմը ևս հարկ չհամարեց անդրադառնալ սկանդալային այդ հրապարակմանը։
Ի դեպ, երեկ ՀՀ քաղաքական գործիչներից շատերը չցանկացան (կամ ի վիճակի չէին) որևէ պարզաբանում տալ դեպքի վերաբերյալ։ Խնդրի առնչությամբ «Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։
-Ժամանակին Դուք աշխատել եք ՌԴ Պետդումայի Անդրկովկասի հարցերով գլխավոր փորձագետի պաշտոնում, լավ գիտեք ռուսաստանյան իրականությունը ներսից։ Ի՞նչ կասեք «ՀըԽ» ռուսաստանյան ամսագրում 2008-ի հուլիսին տպագրված հրապարակման մասին, որում Սերժ Սարգսյանը ներկայացվում է որպես Ռուսաստանի հատուկ ծառայությունների պահեստի գեներալ, որը Ռուսաստանից աշխատավարձ է ստանում։
-Նոր պրիոմ չէ։ Հիշո՞ւմ եք, «Դհոլ» մականունով ձեզ հայտնի քաղաքական գործիչն ընդամենը մի քանի տարի առաջ հրապարակայնորեն մեղադրում էր Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովին՝ Սերժ Սարգսյանից աշխատավարձ ստանալու համար։ Այդ կարգի մեղադրանքները միշտ էլ կասկածելի են։ Եվ ավելի շուտ բացասաբար են բնութագրում այն մարդկանց, ովքեր նման մեղադրանքներ են առաջ քաշում։ Սերժ Սարգսյանին կարելի է ներկայացնել լուրջ մեղադրանքներ, որոնցից մեկն էլ, ի միջի այլոց, այն է, որ նրա «քաղաքական» թիմն ի վիճակի չէ պաշտպանելու սեփական շեֆին գոնե նման անհեթեթ մեղադրանքներից։ Պատահական չէ, որ անցած ժամանակաշրջանում, հուլիսից առայսօր, ո՛չ Սերժ Սարգսյանի բազմաթիվ խորհրդականները և նրա աշխատակազմի բազմաթիվ այլ «պերսոնաները», ո՛չ էլ նույնիսկ Հայաստանի հարկատուների հաշվին ապրող ՌԴ-ում ՀՀ դեսպանը մատը մատին չեն տվել պարզելու համար, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ «РБК» ամսագիրը, ռուսաստանյան ո՞ր ուժերի հետաքրքրություններն է արտահայտում, արդյոք չի՞ պատկանում «շիրպոտրեբ» տաբլոիդների շարքին (չէ՞ որ Ռուսաստանում, ի տարբերություն մեր լրատվական դաշտի, գոյություն ունի հստակ սահմանազատում մի կողմից՝ լուրջ և արժանահավատ պարբերականների, մյուս կողմից՝ զվարճալի տաբլոիդների միջև)։ Այս ամենը վերոնշյալ բյուջետային ձրիակերները պետք է նախօրոք՝ գոնե երկու ամսվա ընթացքում, պարզած լինեին և տեղեկացրած Սերժ Սարգսյանի մամլո խոսնակին, որ վերջինս այսօր չհայտնվեր նման անօգնական վիճակում։ Թե չէ ի՞նչ է ստացվում. չորեքշաբթի «Հայկական ժամանակը» թարգմանաբար ներկայացնում է մի նյութ «հեղինակավոր «РБК» ամսագրից», որտեղ ՀՀ գործող նախագահը ներկայացված է որպես ռուսական հատուկ ծառայությունների պահեստի գեներալ և առայսօր Ռուսաստանից աշխատավարձ ստացող՝ փաստորեն վարձու գործակալ, իսկ հաջորդ օրը ո՛չ ՀՀ նախագահի մամլո քարտուղարը, ո՛չ պաշտոնական կամ «պետականամետ» մամուլը ոչ մի բառով դրան չեն արձագանքում։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ թերթը նյութի արտատպությունը զուգորդել է սեփական, միանգամայն իրավացի մեկնաբանությամբ՝ «РБК»-ի խմբագրությունը և ՀՀ նախագահի աշխատակազմը պարտավոր են բացատրություններ տալ տվյալ արտառոց հրապարակման առնչությամբ»։ Հետաքրքիր է՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը համաձա՞յն է «ՀԺ»-ի այն մտքին, որ «РБК» ամսագրի խմբագրությունը պետք է պատասխան տա ՀՀ նախագահին նվաստացնելու և վարկաբեկելու համար։ Եթե համաձայն է, ինչո՞ւ երկու ամսում գոնե չի պարզել, թե այդ ի՞նչ դրդապատճառներից ելնելով «РБК»-ի խմբագրությունը որոշեց նվաստացնել ՀՀ նախագահին և ներկայացնել Հայաստանը ՌԴ խամաճիկի դերում։
-Գուցե պարզել է, բայց Դուք տեղյակ չեք։
-Եթե պարզած լիներ, պետք է որ տեղեկացներ ՀՀ նախագահի մամլո խոսնակին, որ վերջինս «РБК»-ի հրապարակումից հետո երկու ամիս անց չհայտնվեր բերանը ջուր առածի վիճակում։ Չէ՞ որ մարդիկ հակված են լռությունն ընկալելու որպես համաձայնության նշան, որովհետև խոսքը վերաբերում է ՀՀ նախագահի հեղինակությանը. գոնե այդ հարցում ցուցաբերել անտարբեր կամ արհամարհական կեցվածք` անթույլատրելի է։ Երբ ես 1994-1997 թվականներին աշխատում էի ՌԴ Պետդումայի ապարատում, արմատական քննադատական վերաբերմունք ունեի Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ, սակայն, չնայած աշխատավարձ էի ստանում ոչ թե հայաստանցի, այլ ռուսաստանցի հարկատուներից, երբեք ոչ ինքս ինձ թույլ կտայի այլազգիների միջավայրում հեղինակազրկող խոսք ասել ՀՀ նախագահի հասցեին, ոչ էլ անտարբեր անցնել նման դրսևորման կողքով, եթե այն արվում էր մեկ ուրիշի կողմից։ Բա այդ ինչպե՞ս եղավ, որ այսօր Սերժ Սարգսյանն ինքն է անտարբեր ՀՀ նախագահի հեղինակության պաշտպանության հարցում դրսևորվող ակնհայտ քամահրական վերաբերմունքի նկատմամբ, որը որդեգրել են իր աշխատակազմի բազմաթիվ «նազիր-վեզիրները»։ Գուցե մի պահ մտածի՝ բյուջետային միջոցներով այդ ձրիակերներին չաղացնելու համար արդյոք արժե՞ ՀԴՄ-ների տեղադրմամբ սովի մատնել տոնավաճառների խեղճ ու կրակ առևտրականներին, արդյոք արժե՞ մանր և միջին ձեռներեցներին ենթարկել հարկային տեռորի և եղածների վրա մի 2-3 նոր ձրիակեր դեսպանների ու դեսպանորդներ ավելացնել։
-Լավ, գոնե Դուք գիտե՞ք՝ հիշյալ «РБК»-ն ինչ ամսագիր է, այդ ինչպե՞ս է համարձակվել ակնհայտ սուտ տեղեկություններ տարածել ՀՀ նախագահի լուսանկարի ներքո։
-Ինտերնետում չկա Ա. Ակիմովի լուսանկարը, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այդպիսի մարդ գոյություն չունի կամ նրա կենսագրությունը կարելի է վերագրել մեկ ուրիշի։ Ի միջի այլոց, եթե Սերժ Սարգսյանն ունենար խելքը գլխին և ընթերցասեր մարդկանցից կազմված թիմ, ապա հենց «Հայկական ժամանակ» օրաթերթը կարդալով, չապավինելով նույնիսկ ՌԴ-ում ՀՀ դեսպանի օգնությանը, կարող էին հասկանալ, որ տվյալ դեպքում քամիները փչում են, այսպես կոչված, «ռուսաստանյան հինգերորդ շարասյան» կողմից։ Դա այսօր քաղաքական լուսանցքում հայտնված «Կասյանով-Կասպարով» խմբակն է, որ «Պուտին-Մեդվեդև» հզոր տանդեմի առջև իսկապես խաղ չունի և հույսը դրել է «շապոկլյակային» սադրանքների վրա։ Այդ մասին նախագահականի սակավամիտներին մեծահոգաբար հուշում է հենց «Հայկական ժամանակը»՝ նույն սեպտեմբերի 10-ի համարի 8-րդ էջում շարադրելով «RBK daily» թերթից մի նյութ, որում քննարկվում են Ռուսաստանից Բաշկորտոստանի և Թաթարստանի անջատման միջոցով Ռուսաստանին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման համար պատժելու ծրագրի իրականացման հեռանկարները։ Խոսքը Պովոլժիեում անկախական շարժումների հրահրման միջոցով Ռուսաստանը կազմաքանդելու մասին է։ Դժվար չէր պարզել, որ «РБК ամսագիրը և «RBK daily» թերթը մտնում են նույն լրատվական հոլդինգի մեջ և պատկանում են նույն տերերին։ Հասկանալի է, որ այդ տերերը շահագրգռված են ոչ այնքան ՀՀ նախագահին, որքան հենց Ռուսաստանը վարկաբեկելու գործում՝ ապացուցելու, որ ինչպես Արևմուտքն է վարձատրում Սաակաշվիլուն, այնպես էլ Ռուսաստանը վարձատրում է Սերժ Սարգսյանին։ Ես այդ մարդկանց խորհուրդ չէի տա սեփական կեղտոտ հակառուսաստանյան ծրագրերը կառուցել մեր ներքաղաքական ցավոտ խնդիրների շահարկման վրա։ Մեր սեփական տան մեջ մենք սեփական ուժերով ունակ ենք պարզելու, թե ով ով է և ում է ծառայում։
Զրուցեց Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 4871

Մեկնաբանություններ